211652_close_icon
views-count6189 դիտում article-date 20:27 24-10-2018

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ: Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում: «Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ձևավորված է հաջողված համագործակցություն, ինչի շրջանակում ծավալուն աշխատանքներ են իրականացվել և իրականացվում մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և մի շարք այլ ուղղություններով: Երևանի հետ կապված մենք ունենք հետաքրքիր նախագծեր, որոնք, համոզված եմ, նաև ձեզ հետ միասին, համատեղ ուժերով կկարողանանք իրագործել: Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը և ուզում ենք աշխատել ու գործել այնպես, որ մեր քաղաքի բնակիչները գոհ մնան, քաղաքն էլ ավելի հարմարավետ դառնա»,- նշել է Հայկ Մարությանը: ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչության անունից շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Դիմիտրի Գվինդաձեն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Երևանի քաղաքապետարանի և բանկի համագործակցությունը կլինի արդյունավետ ու հաջողված: «Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի համար, ինչը, կարծում եմ, մեծ պատասխանատվություն է պահանջում Ձեզանից: Ձեր պատրաստակամությունը, վստահ եմ, նոր հորիզոններ կբացի երկուստեք ծրագրերն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար: Մենք ունենք կառուցողական առաջարկներ, որոնք, կարծում եմ, համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսակետից կհետաքրքրեն Ձեզ»,- նշել է Դիմիտրի Գվինդաձեն: Քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է տրանսպորտային ցանցի արդիականացման առաջնահերթությունը և նկատել, որ այս հարցում բանկը կարող է օգտակար լինել: «Մեր քաղաքի բնակիչների կողմից որպես կարևոր խնդիր մշտապես նշվում է տրանսպորտային ցանցի բարեփոխումների անհրաժեշտությունը և մենք գործընկեր կառույցների հետ միասին քննարկելու ենք լավագույն առաջարկները: Այս պահին տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, պարզապես պետք է ավարտուն տեսքի բերվի, որից հետո էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր