Մանե Թանդիլյանը հանդիպել է երկվորյակներին թողած մորը. նա ետ կվերադարձնի երեխաներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ։
«Այսօր հանդիպում եմ ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում փոքրիկ հրաշք բալիկների մայրիկը կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
Հետևաբար, ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակել ենք ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Անձամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մնացել և հայտնել են իրենց պատրաստակամությունը մայրիկին և փոքրիկներին աջակցելու համար։
Հարգելիներս, կարող եք շարունակել ուղարկել սոցիալական աջակցության ձեր առարկայական առաջարկները նախարարության և իմ պաշտոնական ֆեյսբուքյան էջերին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մ. Թանդիլյանը։