Ինչո՞ւ Միլսի դիտարկումները մտահոգեցին Մոսկվային․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում ամերիկացի քաղաքագետ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ամերիկառուսական հարաբերությունների ներկայիս խնդիրների պարագայում հաճախ են հայտնվում նմանօրինակ մեկնաբանություններ երկու երկրներում ակտիվ արտաքին ուղերձներ հղող կառույցների կողմից:
«Սովորաբար նման մեղադրանքներ հնչում են այն երկրների դեպքում, որոնք ԱՄՆ-ի հետ քիչ թե շատ խորը համագործակցություն ունեն: Սա կարծես պրոտոկոլային անդրադարձ դարձած լինի: Ես այդպես կմեկնաբանեի: ՀՀ-ի դեպքում դրան են գումարվում այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Օրերս Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ձևավորում է հայկական կողմը, այսինքն՝ ԱՄՆ-ը հայտնում է, որ պատրաստ է մի շարք ոլորտներում համագործակցել, կիսվել փորձառությամբ, աջակցել, ՀՀ-ն ընտրում է ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Բոլոր հարաբերությունները ձևավորվում են նման կերպ, սրանում միջամտություն փնտրելն անիմաստ է»,- ասաց Սթրոնսկին: Նա նաև ասաց, որ սովորաբար դեսպանները հեռանալուց առաջ ամփոփում են այդ երկրում իրենց ներկայացրած երկրի արած աշխատանքը, ներդրումները, տեսլականը, թե խնդիրներին ինչպիսի լուծում են տեսնում, բայց դա որևէ կերպ միջամտություն չէ, քանի որ որոշում կայացնողն ի վերջո ՀՀ-ն է, ԱՄՆ-ը առաջարկում է փորձ և ծրագրեր, որոնց տիրապետում է:
Անդրադառնալով Միլսի՝ Ղարաբաղյան աղմուկ բարձրացրած հայտարարություններին՝ ամերիկացի վերլուծաբանն ասաց, որ Միլսը բարձրաձայնել է այն, ինչ նախկինում եղել է բանակցային գործընթացում: «Իր անդրադարձում նա շատ պարզ խոսում է այն մասին, թե ինչն է իրեն մտահոգում, որպես Հայաստանում աշխատած, ՀՀ-ի խնդիրներին, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առկա տարաձայնություններին ծանոթ դիվանագետ, որ չկա հասարակությունում խոսակցություն զիջումների մասին, ենթադրվել է միշտ, որ լինելու են փոխզիջումներ: Ամերիկացի համանախագահները շատ ավելի ակտիվ են խոսել այն զիջումների մասին, որոնք կողմերը պետք է իրականացնեն նախկինում քննարկված սկզբունքների հիման վրա: Սա ԱՄՆ֊ի մտահղացումը կամ գաղափարը չէ, սա այն է, ինչ արդեն եղել է: Իսկ որոշում կայացնում են կողմերը, եթե այսքան տարիներ չեն կայացրել, ուրեմն նրանք այդ փաստաթղթերին, սկզբունքներին համաձայն չեն: Բայց համանախագահ երկրները կոչված են աջակցելու, դիսկուրս ակտիվացնելու, առանց փոխզիջումների որևէ հակամարտություն չի կարող կարգավորվել, դա միանշանակ է»,- ասաց վերլուծաբանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]