211652_close_icon
views-count3950 դիտում article-date 12:18 17-10-2018

Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հեռ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային: Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես և նաև հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որևէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել: Ընդհակառակը, գյուղատնտեսությունը եղել է, կա և կլինի բոլոր երկրներում կարևորագույն ոլորտներից մեկը, և մենք խնդիր ունենք՝ մեր գյուղատնտեսության արդյունավետության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների, ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բարձրացնելու, նոր շուկաներ մտնելու, գյուղատնտեսական գործունեության նոր մշակույթ բերելու, նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ կիրառելու, ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու առումով և այդպես շարունակ: Այս բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել մեր համատեղ աշխատանքի ընթացքում»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Արարատի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում արձանագրված որոշ խնդիրների՝ նշելով. «Վերամշակող արտադրությունը, արդյունաբերությունը հասել են մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունն այլևս չի կարողանա մատակարարել այն անհրաժեշտ հումքը, տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք անհրաժեշտ են արտադրության ողջ ծավալն ապահովելու համար: Սա լուրջ խնդիր է, և ես ուզում եմ վերադառնալ մեր առաջարկած այն տրամաբանությանը, որ մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման: Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, թութ, հոն, այլ մշակաբույսեր ու նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Եվ կան մարդիկ, ես դրանով հատուկ հետաքրքրվեցի, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ, և արդեն տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով աշխատում են դրանց հետ, այսինքն՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերից հավաքում են այդ մշակաբույսերը և բերում են մթերման: Սա վկայում է այն մասին, որ գործունեության այս տեսակը շահութաբեր է»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ է խոսվում Հայաստանում գործազրկության և աշխատատեղերի բացակայության մասին: «Այո, այդ պրոբլեմը կա, բայց մենք, նախ, մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները: Որևէ խնդիր չի լուծվի, եթե չկա քաղաքացի-կառավարություն-հանրություն համագործակցություն, եթե յուրաքանչյուրս չի անում իրենից կախվածը, որպեսզի քայլ անի որևէ խնդրի լուծման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գյուղմթերքը ներմուծվում է նաև արտերկրից, և քանի որ արտադրության ծավալները մեծանում են, շուկաները ընդլայնվում են, պետք է համախմբված աշխատել՝ տեղական շուկան զարգացնելու, վերամշակող արդյունաբերության ու արտադրության համար անհրաժեշտ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև ոլորտի առջև դրված մյուս խնդիրները լուծելու համար: Նախկին նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորելով Գեղամ Գևորգյանին՝ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել նրան և նախարարության թիմին հետագա գործունեության մեջ, կիսվել ձեռք բերված փորձով: Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և հավաստիացրել, որ նախարարությունը կներկայացնի այն ուղենիշները, որոնք թույլ կտան վերափոխել գյուղատնտեսությունը և հնարավորություն ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար՝ զբաղվելու այնպիսի գյուղատնտեսությամբ, որի արդյունքում էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Գ. Գևորգյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի, ինչպես նաև ոլորտի զարգացմանը հետագայում աջակցելու պատրաստակամության համար:

Նմանատիպ նյութեր