211652_close_icon

Միշտ կկանգնեմ Փաշինյանի կողքին. այլ թեկնածու առաջադրելը կլինի վտանգներով լի. Գևորգ Կոստանյան. «Ազատություն»

views-count30517 դիտում article-date 17:34 08-10-2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարում է, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է: Այս մասին նա ասել է «Ազատության» զրույցում: Նա պնդել է. ոչ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Նիկոլ Փաշինյանին․ «Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարեւոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետեւյալն է, որ եթե ես գտնում եմ, որ եւ՛ նպատակների, եւ՛ ցանկությունների, եւ՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը եւ երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»: Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, նաեւ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ինչ-որ հրապարակի, այլ Հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։ Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը, ըստ Կոստանյանի, կլինի «արհեստածին ու վտանգներով լի»: «Եթե կա որեւէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող ա քսան օրից լինի, կարող ա մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա: Հետեւաբար նույն իմ խմբակցության գործընկերները եւ բոլոր պատգամավորները, իմ կարծիքով, ունեն առնվազն նույն սկզբունքը, ինչ որ ես հիմա հայտնեցի: Այսինքն, որեւէ մեկը չի պատրաստվում ու դա անընդունելի կլինի, որ երկրի դեմ որեւէ գործողություն կատարի»,-ասել է Կոստանյանը: Մանրամասները՝ [url=https://www.azatutyun.am/a/29531939.html]«Ազատություն»[/url]-ում Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր