211652_close_icon
views-count3365 դիտում article-date 15:54 08-10-2018

Կկարողանամ լավագույնս կամրջել հայ-հնդկական փոխհարաբերությունները. Ապրես Զոհրաբյանն ընդունել է դեսպան նշանակվելու առաջարկությունը

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ընդունել եմ վարչապետի կողմից ինձ արված Հնդկաստանում դեսպան աշխատելու առաջարկությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հասարակական գործիչ, ազատամարտիկ, բնապահպան Ապրես Զոհրաբյանը: «Հայ-հնդկական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և դրսևորվել են ոչ միայն առևտրատնտեսական հարաբերութուններում, այլև նաև հոգևոր հարթության մեջ: Մասնավորապես՝ հին Հայաստանում տարածված Միհրի, (Մհերի) նույն Միթրայի պաշտամունքն է, որը ցարդ առկա է նաև Հնդկաստանի հոգևոր - պաշտամունքային առանձին դրսևորումներում: Հին պատմություն ունի նաև հայ-հնդկական վերնախավային փոխհարաբերությունները: Կա վարկած, համաձայն որի՝ Բագրատունիների նախարարական, ապա և արքայական տոհմը Հայաստանում հայտնվել է ոչ թե Հրեաստանից, այլ Հնդկաստանից: Դրա խոսուն վկայությունն է տոհմի անվանումը Բագրատունի, այսինքն՝ Բհարատայից եկածներ:Ինչպես գիտեք, թե´ հինավուրց, թե´ ներկա Հնդկաստանի ինքնանվանումն է Բհարատա: Բագրատունիների և հայոց հանրահռչակ Անի մայրաքաղաքի անվանման հիմքում Ագնի դիցահուն է: Անուրանալի է նաև հայոց մասնակցությունը հնդկական ազգային-ազատագրական պայքարին, հանձինս տեղի հայկական համայնքի և բազմաթիվ հայ զորահրամանատարների, մասնավորապես, Գեորգի խանի, որոնք հանդիսացել են բրիտանական գաղութարարներին դիմադրող առանցքային ուժ: Անուրանալի է նաև գանդիական մեթոդաբանությամբ պայքարի էլեմենտների առկայությունը և կարևորությունը մեր վերջին թավշյա հեղափոխության հաղթանակի մեջ: Որպես հինավուրց, բայց և նորանկախ պետություններ՝ Հայաստանը և Հնդկաստանը շատ նմանություններ ունեն: Հնդկաստանը, սնվելով իր հոգևոր մշակութային ակունքներից, լինելով քաղաքակրթական բևեռ ու հանդիսանալով ժողովրդավարական քաղաքական համակարգով, ընթանում է գիտելիքահեն և բարձրտեխնոլոգիական տնտեսության զարգացման ուղղությամբ և հանդիսանում է աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը: Այս առումով հնդկական փորձը մեզ համար կարող է շատ ուսանելի լինել: Հաշվի առնելով իմ հայկական ինքնությունը և ի ծնե քաղաքացիությունը, ինչպես նաև ծանոթությունը հնդկական մենթալիտետին՝ կկարողանամ լավագույնս կամրջել հայ-հնդկական փոխհարաբերությունները և մեր երկրների միջև նորովի զարգացնել մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ռազմական համագործակցությունը վասն խաղաղ, զարգացող աշխարհի և տարածաշրջանի և թող այս գործում մեզ օգնական լինեն Արամն ու Րամը»,-գրել է Ապրես Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր