211652_close_icon

Ֆրանկոֆոնիայի մշակութային միջոցառումների մեկնարկը կտրվի հայ անվանի նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսով

views-count3852 դիտում article-date 22:44 04-10-2018
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվեց ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: «Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է (1993 թ.), առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Ցուցահանդեսում ընդգրկված այս աշխատանքների գունային պատկերներում, դրոշներում ու այլ խորհրդանշաններում արտացոլված են մեր բարեկամական կապերը տարբեր երկրների հետ և առաջին հերթին՝ Ֆրանսիայի հետ»,-ցուցահանդեսի բացման առիթով ներկաներին ուղղված իր խոսքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Ոչ սովորական ցուցահանդես, ոչ սովորական շաբաթվա ընթացքում». «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը այսպես բնորոշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Այս շաբաթ մենք կորցրինք մի մարդու, ով մարմնավորում էր հայ-ֆրանսիական ամուր բարեկամությունը, իսկ այս ցուցադրությունը գալիս է մեկ անգամ ևս ի ցույց դնելու բարեկամական այդ հարաբերությունները՝ հյուսված արդեն Պլաստիկ արվեստի ոլորտում: Այսօր մենք մեկ անգամ ևս ընդգծում ու կարևորում ենք այն ավանդը, որ բերել է Ասիլվան արվեստի այս ոլորտում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը: «Սրտիս մեջ երկու երկիր կա՝ Հայաստան և Ֆրանսիա: Այս ցուցահանդեսով դրանք միացան, ինչի համար չափազանց երջանիկ եմ»,- Մայր թատրոնի ձմեռային այգում բացված իր ցուցահանդեսը այսպես ներկայացրեց ֆրանսահայ արվեստագետը՝ Ասիլվան:

Նմանատիպ նյութեր