211652_close_icon
views-count4324 դիտում article-date 12:17 03-10-2018

Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ. դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու. Է. Մարուքյան

ՀՀ վարչապետի ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Երեկվա քննարկումների ընթացքում վարչապետը ներկայացրեց իր տեսակետն, այն, ինչ հրապարակեց, որ ինքը հրաժարական է տալու, որից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրի, ԱԺ-ն կարձակվի ու իրավունքի ուժով կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ ու մենք դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ այդպիսի քննարկումները շարունակական են լինելու։ Այսօր նաև կառավարության հետ հարցուպատասխան կա, վարչապետը կգա ԱԺ, կարծում եմ՝ խմբակցությունների հետ շփումներ կլինեն»,- ասաց Մարուքյանը։ Պատգամավորը նշեց, որ խմբակցությունների ներկայացուցիչները պնդել են, թե կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն դրանց անցկացման նախընտրելի ժամանակահատվածը մայիս ամիսն է։ «Վարչապետը հայտնեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Մեկ ամսվա ընթացքում պատրաստ է նաև ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Եթե այն չընդունվի, ստիպված կլինենք ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքով, որում կա ռեյտինգային ընտրակարգը։ Մենք առաջարկել ենք այն հանել, որովհետև այն հիմնականում օգտագործվել է օլիգարխների կողմից՝ ձայներ կոնսոլիդացնելու համար, սակայն հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ, եթե անգամ նման առաջադրումներ էլի լինեն, այդ մեխանիզմը չի աշխատի»,- նշեց նա։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունների ներկայացուցիչները նշում էին, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի մինչև արտահերթ ընտրությունները, սակայն անուններ չնշեց։

Նմանատիպ նյութեր