211652_close_icon
views-count9420 դիտում article-date 10:29 29-09-2018

Ի՞նչ առնչություն ունի Սամվել Ալեքսանյանը Սևանի շաքարի գործարանի հետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սևանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է: Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն: Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։ «168.am»-ը Ա. Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է: «Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին և դիմել է նաև մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սևանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Ա.Մինասյանը: Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալքեսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր