211652_close_icon
views-count2487 դիտում article-date 15:40 26-09-2018

Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին

Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական Միության գործակալություններին՝ աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: Ներկայացնում ենք դիմումի տեքստն ամբողջությամբ. «Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում է ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում, ակտիվ պայքար է մղում կոռուպցիայի և բոլոր տեսակի անարդարությունների դեմ: Այսօր մարդու իրավունքները և հիմնարչար ազատությունները հանդիսանում են Հայաստանի նոր կառավարության հիմնական արժեքները: Եվրոպայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում է Հայաստանի կառավարության ժողովրդավարական քաղաքականությանը, որը միտված է մշտական աճ և զարգացում ապահովելուն: Դրա համար մենք ցանկանում ենք, որ Եվրոպական Միությունը, հավատարիմ մնալով իր արժեհամակարգին, լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, այդ գործընկերությունը պետք է իրականացվի նոր թափով և խորությամբ: Այսօր Հայաստանին օգնություն ու տնտեսության մեջ ներդրումներ են անհրաժեշտ Եվրոպական Միությունից՝ բազմակողմանի զարգացում ապահովելու համար: Կան բոլոր նախադրյալները կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում զարգացում ապահովելու համար: Խնդիրը միայն ԵՄ-ի աջակցությամբ այդ ոլորտներում առկա ներուժի իրացումն է: Հայաստանը միշտ ձգտել է իր բոլոր հարևանների հետ ներդաշնակության մեջ լինել, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հակաժողովրդավարական իշխանությունները իրականացնում են հայությանը ոչնչացնելու ուղղակի և անուղղակի քաղաքականություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միության առաջնորդները լայն աջակցություն և արդար քաղաքականություն կտանեն հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ այս նոր ու պայծառ շրջափուլում: Եվրոպայի հայերի համագումարը և համագումարի՝ Քյոլնում կայացած համաժողովի մասնակիցները, ովքեր ներկայացնում են վերը նշված հարցերում Եվրոպայում բնակվող հայերի մեծամասնության կարծիքը, դիմումն ուղղում են Եվրոպական Միության գործակալությոնւներին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով մենակ չթողնել Հայաստանին ժողովրդավարության համար մղվող պայքարում»։

Նմանատիպ նյութեր