Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման համար:
«Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների առթիվ շնորհավորում է երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես նաև`շնորհակալություն է հայտնում
ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին` ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը: Բարի երթ մեզ բոլորիս»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։