211652_close_icon
views-count2599 դիտում article-date 20:38 20-09-2018

Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չթողեց. կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշրջան բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրվեց ՀՀ անկախության 27-ամյակին, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը: Լրագրողների հետ զրույցում Կարեն Դուրգարյանն ընդգծեց` շատ է սիրում Կամերային նվագախումբը, նախևառաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունի կոլեկտիվում. իր համակուրսեցիներն են: «Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում այստեղ: Ինձ համար այսօր այդպիսի օր է: Դիրիժորի համար մեծ պատիվ է բացել նվագախմբի համերգաշրջանը»,-նշեց Կարեն Դուրգարյանը: Դիրիժորը մեծ հաջողություններ մաղթեց նվագախմբին` նշելով, որ կոլեկտիվը շատ հետաքրքիր ծրագրերով է հանդես գալու: Համերգին Դուրգարյանի ղեկավարությմաբ հնչեցին Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»: Համերգային երեկոյին «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները»: Ջութակահարն ընդգծեց` այս բացառիկ ստեղծագործությունը ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը: Նշենք, որ նվագախմբի ելույթներն արժանացան բուռն ծափահարությունների: Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չթողեց: Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես կգա Ռոբերտ Մլքեյանը: Ելույթ կունենա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր