ՀՀ մշակույթի նախարարը երրորդ հանդիպումն անցկացրեց նկարիչների հետ. օրակարգում հայ կերպարվեստին առնչվող հարցերն էին
Մեկ արվեստագետը կարող է մի ամբողջ երկիր պահել, պարզապես պետք է «պրպտել», գտնել ամենաարդյունավետ մեխանիզմները: Հայաստանն ավտոմեքենա արտադրել չի կարող, բայց կարող է ստեղծել համաշխարհային շուկայում մրցունակ արվեստ: Ինչու՞ չդիտարկել կերպարվեստը որպես բիզնես, որն օգուտ կբերի ոչ միայն արվեստագետին, այլև երկրին...
Նկարիչների հետ նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած երրորդ հանդիպումն անցավ նման տեսակետների ու գործնական քննարկումների մթնոլորտում:
Ըստ արվեստագետների, նրանց հիմնական խնդիրը մատուցումն է: Կան հրաշալի նկարիչներ, որոնք իրենց արվեստը ներկայացնելու խնդիր ունեն, այդ հարցում ակնկալում են մշակույթի նախարարության աջակցությունը՝ ոչ այնքան ֆինանսական, որքան կազմակերպչական հարցերում:
Լիլիթ Մակունցն ընդգծեց.
«Մշակույթի նախարարության առաքելությունն ենք համարում՝ ապահովել պայմաններ, որոնք արվեստագետին հնարավորություն կտան աշխատել և իրացնել սեփական աշխատանքի արդյունքը»:
Հանդիպմանը քննարկվեց նաև երիտասարդ նկարիչների ինքնադրսևորման սահմանափակ հնարավորությունների խնդիրը, մշակութային կրթության մակարդակի բարձրացման հարցը, սոցիալական ու օրենսդրական մի շարք խնդիրներ, որոնց բախվում են հայ արվեստագետներն իրենց կյանքում ու աշխատանքում: