211652_close_icon
views-count2157 դիտում article-date 12:37 06-09-2018

Ինչպես ճիշտ լուսաբանել. ՊՆ-ը լույս է ընծայել ռազմական լրագրության ուսումնամեթոդական ձեռնարկ

Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տարիներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո հրապարակել է «Ռազմական լրագրություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկ։ Այնտեղ տեղ են գտել գործնական հակիրճ մտքեր և բացատրություններ այն մասին, թե մարտական գործողությունների ժամանակ աշխատող լրագրողը ինչպես պետք է լուսաբանի անվտանգության թեմաները, ինչպես աշխատի զինված ուժերի լրատվության և բանակի ներքին կյանքին առնչվող թեմաների հետ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ձեռնարկում զետեղված նյութերը բազմիցս անցել են լրագրողական հանրույթի քննությունը, ուսումնասիրվել և համեմատվել են համաշխարհային փորձի հետ։ Ռազմական լրագրության կանոնների պահպանումն ու նոր մարտահրավերներին տիրապետելը առարկայական նշանակություն ունեն Հայաստանի համար, նկատում է Ա. Հովհաննիսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ անցնող տարիների ընթացքում կազմակերպել են ռազմական լրագրության տարբեր դասընթացներ, և մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ռազմական լրագրության առարկան դարձրել են հիմնական առարկա. «Այս ամենը չէր կարող իր պտուղները չտալ։ Ակնհայտ է, որ հայկական լրագրությունը ռազմական թեմաների լուսաբանման առումով այսօր ավելի գրագետ ու պատրաստված է։ Դա ցույց տվեց նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Սակայն նույն պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք որոշակի թերություններ, որոնք հարկավոր է վերացնել՝ շարունակելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ աշխատանքներն ավելի համակարգելու, մասնագիտական մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նպատակով պատրաստել ենք ռազմական լրագրության այս ուղեցույց-ձեռնարկը, որը կարող է դառնալ լրագրողի սեղանի գիրքը և ուսումնական գրականություն՝ դասընթացների համար»։ Ա. Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծեց, որ ձեռնարկն իդեալական և վերջնական արտադրանք չէ, ինչը ենթադրում է, որ մշտական թարմացումներ և լրացումներ են կատարվելու։ «Համաշխարհային լրատվադաշտը ունի մի գլոբալ խնդիր. դա մասնագիտացված լրագրության բացակայությունն է։ Ժամանակակից լրագրողը լուսաբանում է սպորտից մինչև տիեզերք, այդ թվում նաև զինված ուժեր։ Սա նորմալ չէ, քանի որ անհնար է միաժամանակ լուսաբանել տարբեր ոլորտներ բարձր որակով։ Մեր նպատակն էր լրագրողներին տալ այնպիսի արտադրանք, որից կկարողանան ոչ միայն օգտակար նյութեր ստանալ, այլև նպաստել զինված ուժերի մարտական գործողությունների պատշաճ մակարդակով լուսաբանմանը»,– հույս հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։ Լրագրողների մեծ մասը կարող է անել չգիտակցված և շատ հաճախ նաև գիտակցված սխալներ։ Անզգույշ կատարված սխալները հիմնականում վերաբերում են տերմիններին և զինվորական բառապաշարին, ինչը, ըստ Ա. Հովհաննիսյանի, ընթերցողների մեջ առաջացնում է նյութի հանդեպ անվստահություն. «Այս հանգամանքները նկատի ունենալով մենք հասկացանք, որ լրագրողական հանրությունից, իհարկե իրենց համաձայնությամբ, պետք է ընտրենք նրանց, ովքեր ուզում են աշխատել անվտանգության թեմաների հետ։ Սեմինարների ժամանակ լրագրողը մտնում է բանակ և ներսից է տեսնում զինվորական կյանքը։ Այսինքն՝ ճանաչում է այն, ինչը պիտի լուսաբանի։ Ամենամյա դասընթացներից հետո կազմվեց մի «սերուցք», որը տվեց որակ, որը մենք տեսանք մասնավորապես ապրիլյան պատերազմի օրերին»։ Գիտակցված սխալների մասին խոսելիս Հովհաննիսյանը շեշտեց հատկապես այն լրագրողական նյութերի օրինակները, որոնցում մանրամասնորեն խոսվում է մահերի, վնասվածքների, կյանքին սպառնացող դեպքերի մասին։ Նրա դիտարկմամբ, այս երևույթների հետ պետք է վարվել շատ զգույշ, փորձել անպայման պատկան մարմիններից ստանալ ճշտումներ, հստակեցումներ, որպեսզի նյութը լինի երկկողմանի և համապատասխանի իրականությանը։ «Օրինակ՝ զոհ ունեցող ընտանիքը տևական ժամանակ այնպիսի հոգեվիճակում է, որ ատելությամբ է լցվում ողջ աշխարհի նկատմամբ, և նրանցից ռացիոնալ պատասխան լսելը դեպքի մասին անհնար է։ Սակայն որոշ լրատվականներ ունեն հստակ որդեգրած քաղաքականություն։ Զոհերի կամ զինված ուժերում տեղի ունեցած տարաբնույթ իրավիճակների պարագայում գնալ «թարմ հետքով» և էմոցիայի ազդեցությամբ նյութ գրել. ոչ միայն սխալ է, այլև արդարացի չէ։ Լրագրողներ կան, որ այսպես են աշխատում գրեթե միշտ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի դրա հանդեպ նույնիսկ մասնագիտական հանրությունը»,– ասաց Ա. Հովհաննիսյանը։ Ձեռնարկում տեղ գտած նյութերն առաջիկայում հասանելի կլինեն նաև էլեկտրոնային հարթակներում։

Նմանատիպ նյութեր