Սփյուռքի նախկին նախարարն իրավապահներին կհայտնի, թե ուր է գնացել 70 միլիոն դրամը․ Դավիթ Սանասարյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ֊ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ վերադարձնել պետբյուջե»,- այս մասին երեկ տեղեկացրեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությանը պատկանող վերոնշյալ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը Դավիթ Շահբազյանն է:
ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքերով օրերս քրեական գործ է հարուցվել: «Մասնավորապես, ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունը հանձնարարել է 70 միլիոն դրամ փոխանցել «Հանրային» հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարվել են «Հանրայինի» միջոցներով: Իսկ թե ուր է գնացել այդ գումարը՝ կպարզեն իրավապահները: Այսինքն՝ երկու տեղից նույնքան գումար է իբր ծախսվել»,- նկատեց Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ «Հանրային» հեռուստաընկերությունը ՊՎԾ-ին արդեն իսկ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին են ֆիլմերը նկարահանվել. «Հուսամ՝ Սփյուռքի նախկին նախարարն իրավապահներին կհայտնի, թե ինչպես է դա պատահել»»:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում։