211652_close_icon
views-count2883 դիտում article-date 21:59 03-09-2018

Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը: ՀՀ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում ուրույն դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Խոսելով հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների մասին՝ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի առնչությամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Դեսպանն իր հերթին կարեւորել է հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը: Միքայել Մելքումյանն ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունն ու համատեղ աշխատանքը: Խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին՝ կողմերն անդրադարձել են ռազմարդյունաբերական, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել ոչ կառավարական մակարդակում տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Այս համատեքստում նա կարեւորել է ՀՀ եւ ՌԴ մարզերի միջեւ ուղղակի առեւտրատնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությունը, հատկապես ՌԴ այն մարզերի հետ, որտեղ ապրում եւ աշխատում են մեր հայրենակիցները:

Նմանատիպ նյութեր