ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Այսօր Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ընդունել է նախապես ընդունելության համար դիմած քաղաքացիներին, լսել վերջիններիս բարձրաձայնած հարցերն ու խնդիրները:
Ընդունելության ընթացքում հնչեցված հարցերն առնչվում էին տարբեր կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին, մասնավորապես՝ պարտապանի գույքի վրա արգելանքի կիրառմանը, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելուն, ինչպես նաև երեխայի տեսակցությանը:
Ընդունելությանը մասնակցում էին նաև տվյալ վարույթն իրականացնող հարկադիր կատարողը և իրավասու ստորաբաժանման ղեկավարը:
Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր կատարողական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ կատարողական գործողություններ՝ ապահովելու տրված կատարողական թերթերի իրականացման սահուն ընթացքը։ Նշված հարցերին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարեց անհապաղ ընթացք տալ և արդյունքների մասին սեղմ ժամկետում տեղեկացնել դիմումատուներին։
Հարկադիր կատարման ծառայությունում սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն իրականացնելու է քաղաքացիների ընդունելություն, իսկ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողների տեղակալները՝ յուրաքանչյուր ամսվա առաջին երեք ուրբաթ օրերին: