211652_close_icon
views-count5168 դիտում article-date 22:48 31-08-2018

Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրային կոմիտե

Համապատասխան օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո՝ օգոստոսի 30-ից վերսկսվել է Սևանա լճից լրացուցիչ ջրառը: Նույն օրը, Ջրային կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, կառույցի պատասխանատուները շրջայց են կատարել Սևան-Հրազդան ջրառի հիմնական ուղղություններով՝ ներգրավելով նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցչին: Այցի հիմնական նպատակը Սևան-Հրազդան ջրառի վրա գործող հէկ-երի դիտարկումն էր: Մասնագիտական խմբի առաջին կանգառը Կոտայքի ջրանցքի «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի հէկ-ում էր. ջուրն արդեն տեղ էր հասել և կայանը վերսկսել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են հէկ-ի տեխնիկական վիճակին, արտադրական հզորությանը և հավաստիացրել կառույցի տնօրինությանը, որ խստագույն հսկողություն է լինելու և պետք է գործեն օրենքի տառով: «Ջրի հաշվառման, հետևաբար և օգտագործման հսկողության հարցում մեզ շատ է օգնում էլեկտրոնային «Սկադա» համակարգը: Նույն՝ հէկ-երի դեպքում, ջրաչափիչ երկու կետերի դիտարկմամբ, օրինակ, կարող ենք արձանագրել դրանց միջակայքում գործող հէկ-երում շրջանառվող ջրի ծավալը և հասկանալ, թե ինչքանով են կարող խանգարել ոռոգմանը: Նույնը՝ ջրառի բոլոր ուղղություններով:»,- արձանագրել է Ինեսսա Գաբայանը: Արզնի-Շամիրամ, Արտաշատի ջրանցքների վրա գործող հէկ-երում դադար էր՝ ջրի սպասումով: Զովաշեն, Նիգավան և մյուս հէկ-երում անձնակազմերը պատրաստվում էին կայանի վերագործարկմանը: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նրանց հետ խոսել է ջրառի հետ կապված ներկա իրավիճակի մասին, հիշեցրել մշտական հսկողության մասին և զգուշացրել, որ որևէ հէկ-ի գործունեություն ոռոգմանը չպետք է խանգարի: Հիդրոկայաններից մեկում տեղադրված լրացուցիչ փականը տեսնելով, կոմիտեի նախագահը հանձնարարարել է պարզել դրա կիրառման նպատակը և եթե այն խախտումով է՝ ապամոնտաժել և լրացուցիչ հսկողություն սահմանել: «Սևանից լրացուցիչ ջրառի նկատմամբ առաջին իսկ րոպեներից խստագույն վերահսկողություն է գործում և այն կլինի մինչև վերջին կաթիլը: Հէկ-երն ընդամենը մի ուղղությունն են և առաջին քայլով հենց այստեղ ենք կանխարգելում հնարավոր չարաշահումները: Մեր հսկողական միջոցառումները մի քանի ուղղություններով են և հանրությունը պարբերաբար կիրազեկվի այդ մասին: Յուրաքանչյուր եռօրյակի կտրվածքով մենք ջրառի վերաբերյալ հաշվետվություն ենք ներկայացնելու կառավարություն, անձամբ՝ վարչապետին: Սերտ կապի մեջ ենք ջրառի բոլոր կետերի, ջրօգտագործողների բոլոր ընկերությունների հետ, որպեսզի հնարավորինս օպտիմալ ու արդյունավետ օգտագործվի ջուրը և որ ամենակարևորն է՝ արդարության ու հավասարության սկզբունքով:»,- ասել է Ինեսսա Գաբայանը: Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերով շրջայցն առիթ էր նաև ջրանցքների վիճակը տեղում ևս մեկ անգամ արձանագրելու համար: Աղբի առկայությունը որոշ տեղերում շատ էր, մաշված ու քայքայված հատվածները՝ առավել ևս, որոնք ջրի ակնհայտ կորստի աղբյուր են: ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում օպերատիվ հարցեր է քննարկել: ՀԲ միջոցներով հիմնանորոգված Արզնի-Շամիրամ ջրանցքի Երզնկայի հատվածում բնակիչներից մեկը՝ վնասելով պատվարը, ինքն իրեն ուղիղ գծով փակ խողովակով ոռոգման ջուր էր հասցնում: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է շտապ պարզել, թե ով է խախտման «հերոսը», ում թույլտվությամբ է նման բան արվել և պատժել մեղավորներին: Ուշ երեկոյան, ամփոփելով այցի արդյունքները, Ջրային կոմիտեի նախագահը հանձնարարել է գործընկերներին՝ օպերատիվ հսկողությունը չթուլացնել, մշտապես հետևել ջրառի բոլոր կետերից հավաքագրվող տեղեկատվությանը և համադրել այն: [b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի լրատվական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր