«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական տվեց
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Արցախի» հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտնել:
«Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված:
Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի:
Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված՝ չեմպիոն դառնալու խնդիրը: Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա:
Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ: Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին:
Շնորհակալություն եմ հայտնում «Բանանցի» ղեկավարությանը այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- ասել է Արամ Ոսկանյանը:
Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը:
«Բանանցը» շնորհակալություն է հայտնել մարզչին. ««Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին ակումբում կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում իր հետագա մարզչական կարիերայում»,- գրված է ակումբի կայքում: