211652_close_icon
views-count2299 դիտում article-date 19:44 08-08-2018

Վարչապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է սիրիահայ գործարարների հետ

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում բնակվող սիրիահայ գործարարներ՝ Արուշ Եսայանի, Կարապետ Հալաջյանի, Հայկ Բուզանդյանի, Սարգիս Քազանջյանի, Շանթ Քազանջյանի և Հակոբ Քազանջյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում սիրիահայ գործարարներին հուզող հարցերը, առկա խնդիրները և օժանդակել դրանց կարգավորման գործում: Քննարկվել են Հայաստանի Հանրապետություն արտահանմանը և ներմուծմանը, այդ թվում ազատ մրցակցությանը, մաքսազերծման խնդիրներին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվել ՀՀ հարկային օրենսդրության, այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների հարկային պարտավորություններին վերաբերող հարցերի շուրջ: Գործարարները ներկայացրել են անապահով սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրները՝ առաջարկելով մշակել որոշակի մեխանիզմներ դրանց լուծման համար: Քննարկվել են նաև զբոսաշրջությանը և մշակութային բնագավառին վերաբերող հարցեր: Գործարարներն առաջարկել են հատուկ ուշադրություն դարձնել այսպես կոչված ընտանիքների վերամիավորման զբոսաշրջության խթանմանը, հաշվի առնելով, որ ներկայումս տարբեր առիթներով աշխարհի բոլոր ծայրերից Հայաստան են ժամանում սփյուռքահայ ընտանիքներ՝ Հայաստանում հանդիպելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու և միևնույն ժամանակ հայրենիքի հետ հաղորդակցվելու համար: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Սիրիայի միջև մշակույթի բնագավառում, մասնավորապես՝ դասական երաժշտության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ: Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում սիրիահայ գործարարների հաջողությունը կարող է լավ օրինակ ծառայել Սիրիայում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների համար՝ նպաստելով հայրենադարձությանը, ինչը խրախուսում է ՀՀ իշխանություններին հնարավորինս աջակցել սիրիահայ գործարարների հաջողությանը մեր երկրում:

Նմանատիպ նյութեր