211652_close_icon

Չփորձարկենք մեր երեխաներին` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը. Աննա Հակոբյան

views-count35629 դիտում article-date 21:10 07-08-2018
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր մեկնաբանեց Մոսկվայում օրեր առաջ հնչեցրած իր ելույթի այն հատվածները, որոնք ոչ միանշանակ էին ընկալվել հասարակության մի հատվածի կողմից: Աննա Հակոբյանը մի դեպքում ասել էր՝ «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը», մեկ այլ դեպքում՝ «Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանց հայացքներին…»: «Առաջինի հետ կապված՝ ես արդեն առիթ ունեցել եմ հարցազրույցի ժամանակ մեկնաբանել դա, բայց նորից կկրկնեմ: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել՝ որտեղ է դա կարևոր, որտեղ կարևոր չէ: Այն լսարանում, որի առջև ես խոսում էի ու այն նպատակը, որի համար ես խոսում էի, բոլորովին չէր ենթադրում քննարկել հակամարտության ծագման մանրամասները: Դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է «ոչ» ասեն պատերազմին: Պատերազմին ոչ ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել «ոչ», որ ուսումնասիրություն կատարողներն ու բանակցություններ վարողները խաղաղ պայմաններում, առանց երկու կողմերից զոհերի, նստեն սեղանի շուրջ և գտնեն լուծումներ»,- ասաց վարչապետի տիկինը: Ինչ վերաբերում է երկու կողմերի 18-ամյա երիտասարդների հայացքներին, ապա, ըստ Հակոբյանի, խոսքը քաջության և ոչ էլ դրան նախորդած վախի, այլ այն մասին է, որ պետք չէ փորձության ենթարկել այդ երիտասարդներին: «Ասում են՝ մեր զինվորները քաջ են, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է: Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, նա հայացքում վախ չունենալ չի կարող, դա հայտնի բան է: Հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչպիսին կլինեն՝ փախուստի՞, թե՞ հերոսության: Բայց կրկին՝ իմ ելույթը դրա մասին չէր, իմ ելույթը նրա մասին էր, որ չփորձարկենք մեր երեխաներին՝ ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»,- եզրափակեց Աննա Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր