211652_close_icon
views-count7448 դիտում article-date 11:46 04-08-2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Գավառի մշակութային հաստատություններ

Ճանաչողական այցով Գավառ քաղաքի մշակութային միշարք հաստատություններում եղավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «[url=https://armenpress.am/arm/news/942773.html]Արմենպրես[/url]»-ի տեղեկացմամբ՝ նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նախարարի առաջին կանգառը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էր: Նա ծանոթացավ արդիականացված թատրոնի շենքային պայմաններին եւ հնարավորություններին: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի եւ դերասանական անձնակազմի հետ, որոնք բարձրաստիճան հյուրերին ներկայացրին թատրոնի անցած ավելի քան մեկդարյա ճանապարհը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի եւ մտահոգող խնդիրների մասին: Դերասանները նախարարին խնդրեցին աջակցել իրենց՝ Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը, լսելով բոլոր առաջարկները, նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն եւ հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները: Լիլիթ Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում է իրականացնել մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաեւ Գավառի պետթատրոնը, իսկ հաջողություն ունենալու դեպքում ձեռք բերված միջոցները հնարավոր կլինի ծախսել թատրոնի կարիքների համար: Այցի հաջորդ կանգառները Գավառի Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային եւ քաղաքային գրադարաններում էին, որտեղ նախարարն ու մարզպետը ծանոթացան գրադարանների գրքային ֆոնդերին, զրուցեցին ընթերցողների հետ կապի, կառույցների շենքային պայմանների բարելավման, գրքային ֆոնդերի հարստացման հարցերի շուրջ: Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում Լիլիթ Մակունցին ներկայացվեցին հարուստ պատմություն ունեցող թանգարանային հավաքածուները: Զրույց ծավալվեց թանգարանային նոր արժեքների ձեռքբերման, դրանց պահպանման, շենքային պայմանների բարելավման հարցերի շուրջ: Շրջայցի ավարտին նախարար Լիլիթ Մակունցը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հրավիրվեցին Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, ապա ունկնդրեցին Գավառ քաղաքի մշակութային հաստատությունների շնորհալի սաների երաժշտական կատարումները:

Նմանատիպ նյութեր