211652_close_icon
views-count1732 դիտում article-date 16:12 03-08-2018

Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք. Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 3-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 114 դեպք-պատահար: Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովաննիսյանն իր զեկույցում նշել է, որ հրշեջ-փրկարարների արագ և արդյունավետ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել մարել Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում բռնկված հրդեհը, որի արդյունքում այրվել է 60 հա տարածք: ՄՓՎ պետը նշել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում անձնակազմը մասնակցել է միջազգային կարգի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի: Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո Ծառայության տնօրենն անդրադարձել է փրկարար ծառայության որակի բարձրացման խնդրին և առաջիկայում սպասվող միջոցառումներին: Գնդապետ Նահապետյանը բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խստորեն հետևել ծառայության բարեխիղճ կազմակերպմանը, ներքին կարգ ու կանոնի պահպանմանը և բացառել ցանկացած անօրինական գործողություն: Տնօրենը նշել է, որ իր անմիջական վերահսկողության տակ են գտնվելու թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում իրականացվող փրկարարական աշխատանքներն ու ծառայության այլ գործառույթներ: Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք և խրախուսվելու է ըստ արժանվույն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական հարցերը:

Նմանատիպ նյութեր