Ես պարզապես բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ. մարզպետը՝ հրաժարականների մասին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս մամուլում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել՝ հրաժարականների դիմումներ ներկայացնել: Ավելին՝ նույն լուրերի համաձայն, մարզպետը հրահանգել էր՝ ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Նման կադրային ջարդի, համայնքապետերի նկատմամբ իրականացվող վենդետայի և այլ աղմկահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Ռոմանոս Մելիքյանից:
[b]-Պարոն Պետրոսյան, վարչապետն անձամբ էր հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, որևէ մեկը քաղաքական հայացքների համար աշխատանքից չի ազատվելու, ծանոթ-բարեկամների նշանակման դարաշրջանը վերջանալու է: Իսկ Դուք, լինելով ՔՊ-ական, հրահանգում եք Ձեր կուսակցական հայացքները չկիսող համայնքապետերին հեռանալ, էլ չենք խոսում մարզպետարանում իրականացվող կադրային ջարդի մասին:[/b]
- Ես իմ սահմանադրական լիազորություններն եմ իրականացնում մարզում, և այդ լիազորությունների շրջանակում մասնագիտական և իրավական հսկողություն եմ իրականացնում ՏԻՄ-երում, համայնքներում: Իսկ համայնքներում, ցավոք, կան համայնքապետեր, ովքեր տասնամյակներով ղեկավարում են համայնքները, բայց համայնքը չունի պրիմիտիվ կենսական պայմաններ, չունի ներքին ոռոգման ցանց, չունի մշակույթի տուն, մանկապարտեզ: Եվ այդպիսի համայնքապետերին ես պարզապես հարց եմ տալիս՝ ի՞նչ եք արել այս 20-25 տարիներին ձեր համայնքների համար: Բացի այն, որ վարում եք շքեղ ծառայողական մեքենաներ կամ շքեղագույն կահավորանքով պատել եք Ձեր աշխատասենյակները: Եվ այդ ճանապարհին շուրջ մեկ տասնյակ համայնքապետեր կան, ովքեր քայլ են արել և իրենց աթոռներից ինքնակամ հրաժարվել են՝ ճանապարհ բացելով երիտասարդ գործիչների համար:
[b]-Ինքնակա՞մ, թե՞ պարտադրված:[/b]
-Այդպիսի հորդորներ չեն եղել, դա իմ աշխատաոճը չէ: Ես պարզապես ՕԳԳ-ի տեսակետից բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ, որի արդյունքում վեր ենք հանում համայնքային խնդիրները: Եվ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանք ենք դնում: Այդ խնդիրների լուծման արդյունքում կան համայնքապետեր, ովքեր որ իմ տեսլականը, իմ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը, իմ աշխատոճը չեն կիսում, ավելին՝ հասկանում են, որ իրենք այդ ռիթմիկ աշխատանքին չեն կարող դիմանալ: Նաև հասկանում են, որ արժեհամակարգային իմաստով նույն հարթության մեջ չենք գտնվում: Քանի որ ՏԻՄ-երի կառավարումը որոշ համայնքապետերի համար համեմատական է սեփական բարեկեցությունը ապահովելու հետ: Այդ ամենը հասկանալով՝ իրենք իրենց քայլն են անում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]