2034 դիտում
17:12 02-08-2018
Խթանվում են կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում. ԵՄ ծրագիրը
ՀՀ մարզերից շուրջ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանա` սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար:
«[url=https://armenpress.am/arm/news/942548.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրի մեկնարկին հայտարարեցին կազմակերպիչները: Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի խոսքով` ծրագիրը լավ հնարավորություն է հատկապես ոչ համարձակ երիտասարդների համար:
«Ծրագիրը լայն հնարավորություններ է տալու հատկապես մարզերի սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին, փոքր-ինչ ոչ համարձակ երիտասարդներին համարձակության ուղու վրա դնել, որպեսզի իրենք կարողանան իրենց ներդրումն ունենալ հասարակական կյանքի առողջ կազմակերպման գործընթացներում: Համոզված եմ, որ երեք տարի անց այս ծրագրի ավարտին մենք կունենանք այն կարող ուժը, որն էլ ավելի կնպաստի մեր գործընթացների առաջխաղացմանը»,- ասաց Աննա Եղիազարյանը:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագիրն իրականացվելու է մինչև 2021թ. և ներառելու է սահմանափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում` այդ թվում նաև հաշվարկային տվյալներով խոցելի 300 երիտասարդի, ովքեր իրենց վրա կրում են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքները:
Երիտասարդների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին աջակցելու պատրաստակամություն ունի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի խոսքով` «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագիրը Կառավարության որդեգրած քաղաքականության գաղափարակիրն է:
«Կառավարության համար մարզերի համաչափ զարգացումն առաջնահերթություն է, և այս ծրագիրն անչափ գնահատելի է հատկապես երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից: Մեր նախարարությունը պատրաստ է համագործակցության ու ներդրում ունենալու այս ծրագրի մեջ»,- նշեց նախարարի տեղակալը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով` ծրագրի մասնակիցները արդյունքի հասնելու ու Հայաստանի ապագան ավելի լավը դարձնելու համար նախ պետք է հավատան սեփական ուժերին:
«Վաղվա օրը հնարավոր է լավը դարձնել միայն դրան հավատալու միջոցով: Քանի որ ծրագրի մասնակիցները երիտասարդներ են, նրանք պետք է փորձեն, համարձակ քայլերի դիմեն, հավատան իրենց ուժերին: Հնարավորությունները շատ են, ծրագրերն էլ են շատ, բայց նրանք պետք է պատրաստակամ լինեն` օգտվելու դրանցից»,- ասաց Աճեմյանը:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության» կարգախոսի ներքո իրագործվող ծրագիրն իրականացվում է Հայկական, Բելառուսական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների կողմից` Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ և Կոնեկտիո կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները: Ծրագիրը կնպաստի նաև կարողությունների զարգացման գործընթացին` ընդգրկելով Կարմիր խաչի 100 կամավորի, գործընկերների և պետական հաստատությունների կրթական և աշխատանքի բաժինների ներկայացուցիչների, ՀԿ-ների և մասնավոր սեկտորի 70 ներկայացուցչի:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
09:55 25-02-2021
Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը. «Հայաստանի Հանրապետություն»
4102 դիտում
16:28 31-07-2016
Երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց բնական ունակությունները․ Դենի Դիդրո
2141 դիտում
17:49 18-01-2022
Զինծառայողները կատարելագործել են եղանակային տարբեր պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակությունները. ՊՆ
Այս բաժնից
529 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
670 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
556 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ