211652_close_icon
views-count2184 դիտում article-date 15:59 31-07-2018

Արդարադատության նախարարությունը` ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամների հայտարարությունների մասին

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք հարցեր էին բարձրացրել, որոնց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել պարզաբանումներով: ԱՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Որեւէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը: Այս հարցի կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել անազատության մեջ պահվող եւ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին համապատասխան մատչելի պայմանների ստեղծման գործընթացին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին եւ կալանավորված անձանց տրամադրվել են բժշկական նշանակության անհրաժեշտ սարքավորումները: ՀՀ ԱՆ 11 հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Քրեակատարողական հիմնարկներում հնարավորության դեպքում առանձնացվում են հաշվանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վայրեր: Ինչ վերաբերում է սանհանգույցների խնդրին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ այլ քրեակատարողական հիմնարկների խցերում մշտապես կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ խոնավության պատճառ հանդիսացող արտաքին եւ ներքին կոյուղու համակարգի կապիտալ շինարարության աշխատանքները սկսվել են 29.05.2018 թվականից, եւ նախատեսվում են ավարտին հասցնել սույն թվականի սեպտեմբերին: Բացի այդ, 25.06.2018 թվականին ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի, արտաքին եւ ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին եւ արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների եւ էլեկտրական ենթակայանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որտեղ ընդգրկվել է նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցների հարմարեցումը: «Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»,- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների տարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ միշտ կատարվել են եւ ներկայումս էլ կատարվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, վերջին ամիսներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել քրեական պատիժների համակարգի աշխատանքի վերաիմաստավորման, քրեակատարողական ոլորտի քաղաքականության նոր ուղղությունների մշակման, Քրեակատարողական համակարգի գործունեությունը կարգավորուղ օրենսդրության արդիականացման եւ գործնական պատշաճ կիրառման ուղղությամբ: Մասնավորապես կատարվել են հետեւյալ աշխատանքները՝ 1.1 ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին ընդունվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 204-Ն որոշումը, որի համաձայն առողջապահական ծառայությունն առանձնացվում է եւ ստեղծվում է քրեակատարողական ծառայությունից անկախ մասնագիտական կառույց: 1.2 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Իրականացվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ: 1.3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ 2018 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք: 1.4 Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Վերոհիշյալ օրենսդրական փաթեթով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վարությում արդեն իսկ ուսումնասիրվում է 21 դատապարտյալի գործ, որոնց պայամանական վաղաժամկետ ազատման իրավունքը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1 –ից հետո: 1.5 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Ներման մասին» ՀՕ- 149-Ն ՀՀ օրենքի հիման վրա, մշակվել են ենթաօրենսդրական ակտեր եւ ապահովվել է ներման ինստիտուտի նոր համակարգի գործնական կիրառությունը: Օրենքն ընդունվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացվել է 147 խնդրագիր, որից 82-ը արդեն ուղարկվել են ՀՀ կառավարություն» 1.6 ՀՀ ԱՆ կողմից մշակվել եւ 2018 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել են փակ եւ կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր եւ արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ: 1.7 Կատարվել են բազմաթիվ կադրային փոփոխություններ: Իրականացվում են կադրերի վերապատրաստման աշխատանքներ: «Թավշյա հեղափոխությունից հետո արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը եւ նույն կերպ խոչընդոտում խմբի գործունեությունը»: Նախ պարզ չէ, թե ինչպես կարող է ՀՀ արդարադատության նախարարությունը խոչընդոտել իրեն աջակցելու համար նախատեսված, իր իսկ կողմից ձեւավորված հասարարակական դիտորդական խմբի գործունեությանը: Իսկ եթե խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտք գործելուն, ապա հայտնում ենք, որ Դիտորդների խմբի կողմից անարգել մուտքի եւ ելքի իրավունքը նույնացվում է անարգել տեսակցություններ ունենալու իրավունքի հետ: Հարցի վերաբերյալ բազմիցս պարզաբանվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը Հասարակական դիտորդների խմբին ընձեռում է միայն պատիժ կատարող հիմնարկ անարգել մուտքի եւ ելքի իրավունք, եւ այդ իրավունքը ամբողջովին չի նույնացվում տեսակցություններ տրամադրելու իրավունքի հետ: Բացի այդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն. «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»: Վերոնշյալ հոդվածից բխում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը իրավունք ունի արգելել կալանավորված կամ ձերբակալված անձի հետ Հասարակական դիտորդների խմբի անդամի տեսակցությունը՝ ելնելով քննության շահերից: Ուստի, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության վրա արգելանքը տարածվում է նաեւ Հասարակական դիտորդների խմբի նկատմամբ, եւ իրավաչափ չէ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի եւ ելքի իրավունքից ենթադրել ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք: Միաժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով կարգավորվում են նաեւ կալանավորված անձանց տեսակցելու հետ կապված հարաբերություններ: Օրենսդրական փաթեթը տեղադրված է /e-draft.am/ կայքում սակայն դիտորդական խմբի կողմից որեւէ առաջարկություն չի ստացվել:

Նմանատիպ նյութեր