211652_close_icon
views-count2304 դիտում article-date 20:57 30-07-2018

Նախագահի նստավայրում հայ-իտալական բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի և էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմական, միջխորհրդարանական, ռեգիոնալ, մշակութային և հումանիտար ոլորտներում: Մեր երկրները «բնական գործընկերներ են»: Մենք կիսում ենք նույն արժեհամակարգը, մեր ժողովուրդները նման են իրենց նիստուկացով, ընտանեկան արժեքներով, հաճախ նաև՝ բնավորությամբ, մեզ համար հասկանալի և ընկալելի են միմյանց խնդիրներն ու արժեքները: Մենք պատրաստ ենք առավել մեծ ջանքեր ներդնել մեր միջպետական, տնտեսական, գիտական և մշակութային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու գործում՝ նպատակ ունենալով այն բարձրացնել որակապես շատ ավելի բարձր մակարդակի»,-նշել է նախագահ Սարգսյանը: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծել է, որ Հայաստանի ու Իտալիայի դարավոր բարեկամական հարաբերությունները ներկայումս զարգացման մեծ ներուժ ունեն: «Իսկապես հպարտ եմ, որ Իտալիայի առաջին նախագահն եմ, որ այցելում եմ Հայաստան: Ուրախ եմ, որ իմ այցը համընկնում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի հետ: Երևանի այս տարիքը ցույց է տալիս պետության հնությունն ու մեր վաղեմի հարաբերությունները: Մենք նախատեսում ենք աճող համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտներում: Այս այցը հիմնված է բարեկամական հարաբերությունների վրա, բայց այստեղ ենք նաև խթանելու մեր սերտ գործակցությունն այս բոլոր ոլորտներում»,- ընդգծել է նախագահ Սերջիո Մատարելլան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր