211652_close_icon
views-count6911 դիտում article-date 12:07 30-07-2018

Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, գրքի շնորհանդեսը կկազմակերպի օգոստոսի 4-ին, ժամը 13:00, Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքում: Շնորհանդեսի անցկացման վայրը պատահական չէ ընտրված.վերջերս տեղադրված արձանը յուրահատուկ հարգանքի տուրք է մեծանուն հային: Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: «Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ էր, հարցազրույցներ չէր տալիս, հանրության առաջ ելույթ չէր ունենում: Նա իր անձնական կյանքի պահպանումն ամեն ինչից վեր է դասել: Քըրքորյանի խորհրդատուներն ու գործընկերները կարծում էին, որ անգամ նրա մահից հետո պետք է պահպանել մեկուսացվածությունը, սակայն Ռեմփելին հաջողվել է բացառություններ գտնել»,-նշում է գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը: «Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում: Ի դեպ, սա փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:

Նմանատիպ նյութեր