«Օրինաց երկրի» վարկանիշը մայրաքաղաքում մոտ 1 տոկոս է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ չափազանց մեծ ակտիվություն է դրսեւորում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Մասնավորաբար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հիմնավորապես «տնավորվել» է Ֆեյսբուքում, տարբեր հարցազրույցներ է տալիս:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դեռեւս չի կարողանում կողմնորոշվել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու առումով: Մասնավորաբար, Բաղդասարյանը փորձում է հասկանալ, թե որքան է այս պահին իրենց իրական վարկանիշը:
«Փաստին» հասած տեղեկություններով՝ այս օրերին մի քանի անկախ սոցիոլոգիական կազմակերպություններ հարցումներ են անցկացրել մայրաքաղաքում: Ըստ այդմ, օրինակ՝ ՕԵԿ-ի հնարավոր քվեները մայրաքաղաքում գնահատվում են մոտավորապես 1-1.2 տոկոսի սահմաններում: Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք այդ տվյալները հասե՞լ են «Օրինաց երկրի» ղեկավարին, թե՞ ոչ, սակայն նա, կարծես, հակված է առայժմ ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:
Փաստը մնում է փաստ, որ տարեցտարի ՕԵԿ–ն ավելի ու ավելի քիչ ձայներ է ստանում: Ի մասնավորի, 2009թ. ավագանու ընտրություններին ստացել են 20.000 քվե, 2013 թվականին՝ մոտ 15.000, իսկ 2017-ին ընդհանրապես չեն էլ մասնակցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]