Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել, թուրքական ԶՈւ-ն այստեղ պատրաստվում է քուրդ զինյալների դեմ հատուկ գործողության
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Քուլփ շրջանում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել․թուրքական ԶՈւ-ն այստեղ պատրաստվում է քուրդ զինյալների դեմ հատուկ գործողության, հաղորդում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։
Նշվում է, որ թուրքական օդուժն այս տարածքում պատրաստվում է ոչնչացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ - 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը) խմբավորման գրոհայինների մի շարք ռազմավարական դիրքեր, ինչպես նաև թաքստոցներ և զինանոցներ։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: