Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի հիմարության պատճառով. Թրամփի գրառումը՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի «երկարամյա հիմարության» պատճառով, հայտնում է Ria Novosti-ն։
Այդ մասին Թրամփը գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ԱՄՆ-ի երկարամյա հիմարության, բթամտության եւ այսօր տարվող կախարդի որսի շնորհիվ»,- գրել է ամերիկացի առաջնորդը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, նախատեսված է Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը։ Այն տեղի է ունենալու Հելսինկիում։ Երկու երկրների նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և միջազգային հրատապ հարցեր։
Այդ գագաթնաժողովը դառնալու է առաջին լայնամասշտաբ հանդիպումը Պուտինի և Թրամփի միջև։
Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներն արդեն հանդիպել են 2 անգամ։