Նիկոլ Փաշինյան. Մեր ֆուտբոլում ևս փոփոխություններ պիտի տեղի ունենան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելուց առաջ շնորհավորեց Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխչեմպիոնին՝ Խորվաթիայի հավաքականին:
Ապա անդրադառնալով ֆուտբոլի վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ֆուտբոլ ոլորտում ՀՀ-ում փոփոխություններ անհրաժեշտ են: «Որքանով տեղյակ եմ, պիտի նոր ընտրություններ կայանան ֆեդերացիայում:
Ընդհանուր տրամադրությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում ևս փոփոխություններ պիտի տեղի ունենան: Ես կարծում եմ, որ շատ մեծ պոտենցիալ կա հայկական ֆուտբոլում կուտակված: Ես հույս ունեմ, որ մեր ահռելի պոտենցիալը որ կա Հայաստանում և սփյուռքում, հնարավոր կլինի մեկտեղել Հայաստանում և հաջողություններ գրանցել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ հաղթում են ու հաջողություն են ունենում այն հավաքականները, որոնք լավ ազգային առաջնություն են ունենում, իսկ Հայաստանի պարագայում դա այդպես չէ:
Նա հավելեց, որ այդ փոփոխությունները պիտի Ֆուտբոլի ֆեդերացիան ՀԿ-ն իր վրա վերցնի:


