Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացին սեփական լուտանքների և հայհոյանքների ծանր մեղքի բեռան տակ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հերքել է լուրերը, թե ինքը որևէ առնչություն ունի Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողների շարժման հետ, ինչի մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին:
Ավելին, փորձ արվեց, և դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը անհարկի շահարկելով, լուսանկարների և առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով, ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժման հետ:
Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով և աղոթքով քավելու իմ մեղքը` հոգևոր դաստիարակության մեջ այսպիսի աններելի ձախողման համար:
Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ, իսկ իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացին սեփական լուտանքների և հայհոյանքների ծանր մեղքի բեռան տակ` բաժնեկից դառնալով Տիրոջը խաչի դատապարտողներին»: