211652_close_icon

Կանանց վստահված ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի․ «Առավոտ»

views-count8404 դիտում article-date 11:02 14-07-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ հին (շատ հին) Հայաստանում Վանո Սիրադեղյանը ծրագիր ուներ, որ ճանապարհային ոստիկանության մեջ աշխատեն նաև կանայք, դա, մեղմ ասած, միանշանակ չէր ընդունվել: Մինչդեռ տրամաբանությունը շատ պարզ էր. հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, կարգազանց վարորդը կամաչեր կաշառք առաջարկել կին ոստիկանին, վերջինս կամաչեր կաշառք ուզել կարգազանց վարորդից: Այնուհետև այդ նախաձեռնությունը զարգացում չգտավ, փոխարենը այժմ աղջիկները Երևանում են կարգուկանոն հսկում, և դա, կարծում եմ, նույնպես դրական երևույթ է՝ կանանց ներկայությամբ մենք` տղամարդիկ, որպես կանոն, մեզ ավելի «ձիգ» ենք զգում: Վերջերս պետական պաշտոններում մի շարք կարևոր նշանակումներ են կատարվել: Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը` ջրային կոմիտեի նախագահ, Հռիփսիմե Գրիգորյանը՝ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի համայնքի, իսկ Լիլիթ Ստեփանյանը՝ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Եթե նրանց գումարենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ինչպես նաև` մի շարք փոխնախարարների, ապա կունենանք ղեկավար մարմիններում երիտասարդ կանանց բավականին պատկառելի ներկայություն: Դա ոչ թե արևմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշների իրագործում է, այլ պետական համակարգում իրավիճակ փոխելուն ուղղված քայլ՝ նախևառաջ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Հյուսիսային Եվրոպայի կառավարություններում և խորհրդարաններում կանայք գերակշռում են, նույն երկրներում կոռուպցիայի ցուցանիշներն ամենացածրն են: Հետազոտողները վաղուց արդեն այդ երկու փաստերի մեջ պատճառահետևանքային կապ են տեսնում: Կանայք ավելի շրջահայաց են, ավելի բարեխիղճ, նրանց մեջ ավելի թույլ է ամեն գնով հարստանալու ձգտումը: Նրանց հավակնություններն այլ տեղում են, փողի միջոցով ինքնահաստատումը կանանց մեծ մասի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Այն խնդիրները, որոնք կանգնած են հատկապես Հայաստանի զբոսաշրջության, քաղավիացիայի և ջրային տնտեսության առջև, իհարկե, ահռելի են: Այդ ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի: Բայց քանի որ նորանշանակ ղեկավարների վերաբերյալ այս առումով կասկածներ չկան, խնդիրները լուծելի են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր