Փաշինյանը բացահայտեց խնդիրը․ ո՞վ կլրացնի հայեցակարգային, ռազմավարական վակուումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելից վերադառնալիս խոսելով Հայաստան-ԵՄ նոր հարաբերության մասին՝ նոր Հայաստանի իրողություններից բխող օբյեկտիվ անհրաժեշտությունների համատեքստում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց նաև մի կարևոր խնդիր՝ հայտարարելով, որ Հայաստանում եվրոպական քաղաքականությունը կամ Եվրոպայի հայաստանյան քաղաքականությունը ճգնաժամում է, և այդ խնդիրը պահանջում է լուծում Եվրամիության վարքագծի փոփոխության տեսքով՝ համարժեք Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին:
Այս հայտարարությանն ու դրա ասպեկտներին մենք անդրադարձել ենք, սակայն կա ևս մի կարևոր հանգամանք, որի մասին արժե խոսել, ու թերևս այն կարևորներից մեկն է Հայաստանում քաղաքական նոր համակարգի ձևավորման առանցքային խնդրում:
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, խնդիրը ներկայացնելով Եվրամիությունից Հայաստան վեկտորով, բավական թափանցիկ կերպով ակնարկեց նաև Հայաստանից Եվրամիություն վեկտորի և դրանում առկա վակուումի մասին:
Ակնհայտ է մի բան, որ նոր Հայաստանում, թավշյա հեղափոխություն ապրած և վերափոխվող, արմատապես նորոգվող Հայաստանում պահանջվում է արդեն եվրոպական քաղաքական ուղղության ոչ պակաս սկզբունքային և հիմնարար վերափոխում, եվրոպական քաղաքական գծի բովանդակային ռեսթարթ կամ նույնիսկ նոր-նոր ձևավորում:
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադարձին մատը դրել է, ըստ էության, այս խնդրի վրա՝ ցույց տալով հայաստանյան քաղաքական դաշտում էլ այդ գաղափարախոսական կամ պարզապես հայեցակարգային, ռազմավարական վակուումը, հատկապես նոր իրականության պայմաններում:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է այդ խնդիրն ու ակամա հարց բարձրացրել՝ ո՞վ կլրացնի, ո՞վ կարող է լրացնել այդ վակուումը, բայց որակապես նոր բովանդակությամբ, համարժեք Հայաստանի նոր իրողություններին, ինչով միևնույն ժամանակ կարող է նպաստել նաև Եվրամիությունում Հայաստանի հանդեպ նոր մոտեցումների ձևավորմանն ու քայլերի խթանմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]