Երևանի հեռուստաաշտարակը կներկվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում հուլիսի 7-ին տեղի ունեցավ Երևանի հեռուստաաշտարակի հակակոռոզյան շերտի վերականգնման և ներկման աշխատանքների համար հունիսի 20-ին հայտարարված բաց մրցույթի ամփոփումը։
Մրցութային հանձնաժողովի քարտուղար Մարինա Նիկոլյանը նշեց, որ մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ընկերություններ՝ «ՄոնտաժՏրանսՇին», «Պրոթերմ» և «Դավիթ էներջի» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 69մլն 282 հազար173, 68մլն 160 հազար և 64 մլն 800 հազար դրամ գնային առաջարկներով։
Նույն օրը տեղի ունեցավ նաև տեխհսկողության մրցույթի գնահատման նիստը։ Այս մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու կազմակերպություններ՝ «Նյու ինդաստրիզ» և «Գրիտիգ» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 320 հազար և 1 մլն 370 հազար դրամ գնային առաջարկներով։
Մրցութային հանձնաժողովը, որի կազմում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացրեց, որ բաց մրցույթների ընթացակարգերին համապատասխան՝ հաղթող է ճանաչվում նվազագույն գին առաջարկած ընկերությունը, եթե այն համապատասխանում է նաև որակավորման չափանիշներին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացնելու խիստ պահանջներ են ներկայացված։ Ներկող մասնագետները պետք է ունենան բարձրության վրա աշխատելու հմտություններ, ինչպես նաև ներկայացնեն առողջության մասին տեղեկանք:
Հայտերը քննարկելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովը կորոշի հաղթողին։
308մ բարձրությամբ աշտարակի ներկման աշխատանքները կկատարվեն բարձր ճնշման սարքավորումներով։ Այն կներկվի կարմիր և սպիտակ գույների բարձր դիմացկունություն ունեցող բարձրակարգ ներկերով։
Աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի սկզբին և ավարտել սեպտեմբերի վերջին:
Վերջին անգամ Երևանի հեռուստաաշտարակի վրա նմանատիպ աշխատանքներ կատարվել են 2005 թվականին։