211652_close_icon
views-count41165 դիտում article-date 19:30 03-07-2018

Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 5-ին, ժամը 11:00-13:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Երգչուհին ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում: 1971 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի դասընթացները, 1992-ին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1977-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան) մենակատար: 1987-1992 թթ. «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել, 1992-1999 թթ.՝ «Հայեր» մշակութային կենտրոն» բարեգործական հիմնադրամի նախագահը: 1999-2007 թթ. նախագահել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնում: 1997թվականից հիմնադրել և ղեկավարել է «Դո-ռե–մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը: 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2007-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում «Տարեմուտի երեկո-2008», «Երկու աստղ» և այլ նախագծերի, իսկ 2008-2009 թթ.՝ «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթներին Հայաստանի կողմից հանդես եկող պրոդյուսերն է եղել: 2003–2017 թթ. ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։ Նրա առաջին իսկ բեմելով դրսևորվել էր իր բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր վառ և կիրթ կերպարով, նա բեմում կայացել և անմահացել է բազմաթիվ կատարումներով: Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում ներառված էին Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերը: Նադեժդա Սարգսյանի կատարումները սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը: ՀՀ նախագահի հրամանագրով Նադեժդա Սարգսյանը 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: 2017 թ. «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի» խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է այդ ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: 2013 թ. ՌԴ հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի խորհրդի կողմից Նադեժդա Սարգսյանը ճանաչվել է ակադեմիայի պատվավոր անդամ: 2016-ից ՀՕՖ-ի, «Նվիրիր կյանք» և այլ բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Մեծ է Նադեժդա Սարգսյանի ավանդը հայ ժամանակակից էստրադային երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Ի դեմս Նադեժդա Սարգսյանի, մեր հասարակությունը կորցրեց տաղանդավոր երգչուհու և հմուտ մանկավարժի: Երաժշտարվեստի երախտավորի, մանկավարժի և արվեստի իրական նվիրյալ Նադեժդա Սարգսյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը, նրա հիշատակը վառ կմնա արվեստասեր հասարակության սրտում:

Նմանատիպ նյութեր