Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 25–ամյա վարորդը ВАЗ 21140–ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը  14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Արայիկ Քալաշյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի 35 ՕG 284 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվար շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 
Ինչպես  հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով վարորդ Ա. Քալաշյանն ու նրա ուղևորուհի, Գորիսի բնակիչ, 18-ամյա Լ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Սիսիանի տարածաշրջանի Աղիտուի   զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահանմանազատել տարածքը: 
Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ մի քանի պտույտ շրջվելու հետևանքով ավտոմեքենայի  գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետորսյանի
                                            
                    
                                            
                        
            


