211652_close_icon
views-count4069 դիտում article-date 21:50 18-06-2018

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 18-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորությամբ: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Կիպրոսի և Լիտվայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականները: ԱԳՆ ղեկավարը ողջունեց եվրոպացի խորհրդարանականների պարբերական այցերը Հայաստան՝ կարևորելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում խորհրդարանական համագործակցության հարթակը: Եվրոպացի խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, և այցը լավ առիթ է՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ օրակարգի բազմաոլորտ հարցերին, ինչպես նաև առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Նշելով, որ ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ զրուցակիցները հույս հայտնեցին, որ Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը։ Հանդիպման մասնակիցները կարևորեցին Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը։ ԱԳ նախարարը զրուցակիցներին տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Եվրամիության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ընդգծելով գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարը եվրախորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ, ինչպես նաև երկրի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր