1122 դիտում
18:52 23-05-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Թավշա հեղափոխությունից եւ ազատ, արդար ու ժողովրդավարության ոգով անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Մասնավորապես նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
«Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն: Ինչ խոսք, այս ճանապարհն ավելի հեշտորեն կարող ենք անցնել միջազգային գործընկերների աջակցությամբ»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովում իրականացվող ծրագրերը՝ ուղղված խորհրդարանի, պատգամավորների, աշխատակազմի կարողությունների հզորացմանը, վերլուծական, փորձագիտական կառույցների կայացմանը:
«Մենք կարեւորում ենք խորհրդարանի աշխատանքների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրության լայն շերտերի ներգրավվածությունը խորհրդարանի աշխատանքներին, այդ թվում՝ օրինաստեղծ գործընթացներին»,-ընդգծել է ԱԺ նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երեւան, եւ իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձեւաչափերով` հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ստոկհոլմ կխթանի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում գործակցության ընդլայնմանը:
Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերը, ներկայացնելով այցի առաքելությունը, ընդգծել է, որ նպատակ ունեն ծանոթանալու մեր երկրում հաստատված նոր իրողություններին, համագործակցության այն հնարավորություններին, որոնք իրենց կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանում մասնավորապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսության զարգացման, խորհրդարանի կարողությունների հզորացման ուղղությամբ: Նա կարեւորել է Ազգային ժողովի նախագահի այն նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվել է հարթակ` համակարգելու եւ ավելի նպատակային դարձնելու խորհրդարանական կառույցների գործունեության բարելավմանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերը:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել շվեդական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ուղղությամբ կատարած քայլերի համար՝ նշելով, որ վերջինիս ամբողջական գործարկումը փոխգործակցության նոր հնարավորություններ կընձեռի:
Նմանատիպ նյութեր
2095 դիտում
13:27 22-11-2019
Շվեդիայից ժամանած պրոֆեսորը ԵՊԲՀ-ում դասախոսություն է կարդացել բնածին իմունիտետի մասին
4066 դիտում
21:50 18-06-2018
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
628 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1072 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին