211652_close_icon
views-count29068 դիտում article-date 17:05 18-06-2018

Արցախի իշխանությունները անվերապահորեն սատարում են ՀՀ-ում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը. Բակո Սահակյանի նամակը Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ասված է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի, Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ս.թ. հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարեւոր էին եւ բովանդակալից: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարեւորում եք իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը եւ այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, եւ որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին: Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը: Համոզված եմ, որ այսուհետ եւս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի եւ ժողովրդի: Մեկ անգամ եւս ընդունեք իմ երախտագիտությունը եւ ջերմ բարեմաղթանքները»:

Նմանատիպ նյութեր