211652_close_icon
views-count5563 դիտում article-date 21:43 14-06-2018

Ժամանակն է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դրվեն գործնական հիմքերի վրա. Նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը: Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների գյուղոլորտում գործող գիտական կենտրոնների համագործակցությունը, գյուղատնտեսության ոլորտում առկա փորձի փոխանակման, ճանաչողական նպատակով երկու երկրների գործարար շրջանակների համար գյուղատնտեսական ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը: Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Իրանի դեսպանը վստահություն է հայտնել, որ վերամշակված գյուղմթերքի համատեղ արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ ոչ միայն իրանական շուկայում, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոլորտում ներգրավված անձանց կապահովի նոր աշխատատեղերով: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։ «Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», - նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով: Քննարկվել է իրանական ներդրումների ներգրավմամբ մի շարք այլ ճյուղերում ևս փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր