211652_close_icon
views-count122627 դիտում article-date 10:22 28-05-2018

Սյունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում. Գորիսում «մեծն» քննիչն իր գործողություններով Որոտանում հասունացնում է վենդետա. սպանության գործով իրականությունը փորձում է օգտագործել՝ անմեղի նկատմամբ վրեժխնդիր լինելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մայիսի 27-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի առջև էին հավաքվել Որոտան գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանն ու իր ընտանիքի անդամները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Հակոբյանն ու նրա հարազատներն ասում էին. «Մենք պատրաստվում ենք դիմել ՀՀ նորանշանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանին, որպեսզի կարողանան, ի վերջո, Գորիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Արզումանյանին կարգի հրավիրեն, որպեսզի ապրիլի 1-ին Որոտանում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանության, որը զուգորդվել է 1 հոգու մահվամբ, հարուցված քրեական գործն օբյեկտիվ և արդարացի նախաքննություն կատարի, մինչդեռ քննիչը բազմաթիվ փաստեր փորձում է վարպետորեն կոծկել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Հակոբյանն էլ իր հերթին ասում էր. «Վիճաբանությունը տեղի է ունեցել խոշոր եղջերավոր անասունի պատճառով, ու այն վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ ես իմ մոտ եղած դանակով անկանոն հարված եմ հասցրել, ինչի հետևանքով համագյուղացի՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանը մահացել է։ Ժամեր անց ես մեղայականով ներկայացել եմ Գորիսի ոստիկանություն և հայտնել, որ ես եմ ոչ սպանելու նպատակով դանակով հարվածել։ Նույն օրը տեղի ունեցավ քննչական փորձարարություն՝ քննիչ Ս. Արզումանյանի գլխավորությամբ, որի ժամանակ ես մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես և ինչ պայմաններում է տեղի ունեցել ցավալի այդ դեպքը։ Մի քանի օր հետո քննիչը դիմում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի դատարան, և դատավորը, որպես խափանման միջոց, բավարարում է քննիչի միջնորդությունը ու ինձ վերցնում են երկամսյա կալանքի։ Ես զղջում եմ կատարվածը ու հայտարարում եմ, որ սպանելու նպատակ չեմ ունեցել, պարզապես, որ հակառակ կողմը, որ հարձակվեց մեզ վրա, մտածեցի՝ դանակը հանեմ ու եթե դանակը տեսնեն, կվախենան, սակայն, ցավոք, չեմ կարողացել նաև տիրապետել ինձ, ինչի պատճառով էլ մի հոգի մահացավ։ Որոշ ժամանակ Գորիսի բանտում մնալուց հետո ինձ ազատ են արձակում, փոխարենը կալանավորում են մեկ այլ անձի, իբրև թե նա է սպանել Ռ. Օհանջանյանին։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իրականում ոչ սպանելու նպատակով՝ վախեցնելու համար դանակով ինքս եմ անկանոն հարվածել ու հիմա քննիչը դատախազը, տեղակալն ու Գորիսի ոստիկանապետը փորձում են անմեղ մարդուն չեղած բանի համար մեղադրել։ Զարմանալի է, որ դեպքից օրեր անց քննիչի ուղեղում ինչ-որ միտք է փայլատակել ու որոշել է՝ վիճաբանությունից հետո դեպքի վայր ժամանած 18-ամյա երիտասարդի ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրել անմեղ մարդու։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող է նման կերպ աշխատել, երբ ողջ Գորիսն է խոսում, որ իրականում դանակով հարվածել է Մայիսիկը, ու հիմա տեղի իրավապահ կառույցները ձեռք-ձեռքի տված՝ փորձում են իրականությունը կոծկել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անմեղ տեղը կալանավորվածի շահերը պաշտպանում է հայտնի և հմուտ փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով նույնպես այն կարծիքին է, որ Գորիսի ոստիկաններն ու քննիչները ծածկադմփոց են անում, ու ինքը նույնպես պատրաստվում է բողոքարկել խափանման միջոց կալանք ընտրելու որոշումը, որպեսզի իր պաշպանյալն ազատ արձակվի, իսկ իրական մեղավորը պատասխանատվության ենթարկվի իր կատարած արարքի համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ նկարահանում էր Գորիսում Մ. Հակոբյանին ու նրա ընտանիքի անդամներին, մեծ թվով քաղաքացիներ էին մոտենում ու ասում էին. «Մենք չենք ուզում տեսախցիկի առջև խոսենք, բայց հաստատ Գորիսի քննիչն ու Սյունիքի մարզի դատախազի տեղակալը կարծես քարե դարից եկած լինեն։ Մենք վստահ ենք, որ այդ գործը վրեժխնդրության պատճառով է, որ Մայիսիկին թողել են, իսկ անմեղ տղուն կալանավորել, ու զարմանում ենք, որ էս գործը հատուկ քննչական ծառայությունը չի քննում, սա պետք է քննի ՀՔԾ-ն, ոչ թե տեղի իրենց ծակ պրոֆեսորի տեղ դրած քննչականը։ Բազմաթիվ թերություններ կան այս գործում ու դրա պատասխանը պետք է տան քննիչն ու դատախազի տեղակալը։ Բանը հասել է նրան, որ Գորիսի իրավապահ մարմիններից բարձրաստիճան աշխատակից է զանգահարել ու Մայիսիկի հարազատներին հայտնել է, որ ճիշտ կանեն՝ իրենց տունը վաճառեն ու քոչեն էդտեղից»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կան նաև տեսանյութեր, որոնք արձանագրվել են տեսախցիկի կողմից, ինչը կապացուցի, որ այս պահին կալանավորվածը անհիմն է կալանավորվել ու, չգիտես ինչու, քննիչը այնպիսի անհեթեթ պատճառաբանություններ է բերում, որ անգամ եփած հավի ծիծաղը կգա։ Կրկին անգամ դիմում ենք արդարադատության նախարարին, ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, որպեսզի վերջապես Գորիսի քննիչի և դատախազի տեղակալի խեղկատակությանը վերջ տան, հակառակ դեպքում մնում է ասել. «Ով, արդարություն, թող որ թքեմ քո ճակատին, բայց հավատում ենք նոր կառավարությանը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կձեռնարկվի անհրաժեշտ գործողություններ, ու մենք կհամոզվենք, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/02/1092814/]հայտնել [/url]էինք, որ[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որի ղեկավար էր նշանակվել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Արզումանյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել էին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել էր։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Վ. Դաղունցի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Գորիսի ոստիկանություն էր մեղայականով ներկայացել նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը, ով հայտնել էր, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի էին ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։ Մ. Հակոբյանը հայտնել էր նաև, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել էր Ռ. Օհանջանյանի որովայնին և դիմել փախուստի։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Արզումանյանի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Քննիչի որոշմանբ Մ. Հակոբյանը ձերբակալվել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր