211652_close_icon
views-count7776 դիտում article-date 08:29 25-05-2018

Կորուստ՝ Հյուսիսային Կորեայի համար. Թրամփը չեղարկեց Կիմի հետ նախատեսված գագաթաժողովը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը չեղյալ հայտարարեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսին անցկացվելիք գագաթաժողովը: Նրա խոսքերով, «աշխարհրը կորցրել է հարատև խաղաղություն հաստատելու մեծ հնարավորություն»: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4408468.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Թրամփի խոսքերով, հանդիպումը չեղյալ հայտարարելու իր որոշման համար հիմք է ծառայել «հսկայական զայրույթ և բացահայտ թշնամանք» պարունակող հյուսիսիկորեական վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև անցկացվելիք գագաթաժողովի նպատակը Կորեական թերակղու ապամիջուկայնացումն էր և Հյուսիսային Կորեայի տնտեսությանը զարկ տալը: Սակայն վերջին օրերին երկու կողմերից էլ հնչել էին գագաթաժողովը հարցականի տակ հայտնված լինելու մասին հայտարարություններ: Ի դեպ, Թրամփը գագաթաժողովը չեղարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ մի քանի ժամ այն բանից հետո, երբ Հյուսիսը ոչնչացրեց միջուկային փորձարկումների իր միակ կենտրոնի թունելները: Հիմա հարց է, կվերսկսի՞ արդյոք Փհենյանը բալիստիկ հրթիռների փորձարկումները: Կվերսկսվե՞ն արդյոք երկու կողմերից հնչող հռետորաբանական հայտարարությունները: Կպահպանվի՞ գոնե դիվանագիտական ինչ որ ուղի, թե ոչ: Գագաթաժողովը չեղյալ հայտարարելու հարցով Կիմ Չեն Ընին հղված նամակում Թրամփը գրել է. «Դուք խոսում եք ձեր միջուկային կարողությունների մասին, սակայն մեր կարողություններն այնքան հզոր են ու զանգվածային, որ ես աղոթում եմ Աստծոն, որ դրանք երբեք չօգտագործվեն»: Թրամփը նախատեսված հանդիպումն անվանում է «կորսված հնարավորություն», սակայն ավելացնում, որ ինքը չի կորցնում Կիմին ապագայում հանդիպելու հույսը: Կիմին հղված նամակից հետո Թրամփն ավելի ուշ Սպիտակ տանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, հայտարարություն այն մասին, որ սա «մի կորուստ էր Հյուսիսային Կորեայի համար»: Ըստ հայտարարության, «ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում պատասախանել Հյուսիսային Կորեայի որևէ անխոհեմ քայլի»:

Նմանատիպ նյութեր