211652_close_icon
views-count18349 դիտում article-date 15:59 23-05-2018

ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Իհարկե, կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որովհետև մենք այն դիտարկում ենք ոչ միայն պրակտիկ, այլև գաղափարական դաշտում: Ըստ էության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հայերն այլևս «անհնարինություն» վերնագրված պատնեշների առջև չեն և անհնարին ոչինչ չկա, բոլոր նպատակներն իրագործելի են: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկն է, դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»,-հավելեց գործադիրի ղեկավարը: Նա ոլորտի մասնագետներին կոչ արեց շարունակել առաջամարտիկի դերակատարումը, քանի որ աշխարհն էլ է հայերին այդպիսին համարում: «Շնորհակալ եմ այդ գործում հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության համար»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Համագումարին մասնակցում են նախարարներ, դեսպաններ, ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր