211652_close_icon
views-count5033 դիտում article-date 15:58 18-05-2018

Կառավարությունը կստեղծի նոր հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ողջույնի խոսքում հայտարարեց, որ այսուհետև կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Նա կարևորեց օրենսդրական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը. «Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին, որն իրավաասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործառտույթներ: Կուզեի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով»,- ասաց արդարադատության նախարարը: Ծրագրի ղեկավար, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարը տարիների պատմություն ունի և հատկապես վերջին տարիներին այդ պայքարի արդյունքում և կոալիցիայի առաջարկությամբ ընդունվել են մի շարք օրենսդրական դրույթներ, որոնց շնորհիվ կոռուպցիայի դեմ պայքարելու լուրջ գործիքակազմ է ստեղծվել: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ներկայումս «բացվել է այն դուռը», որպեսզի հասարակությունը գիտակցի, որ անհանդուրժելի է կոռուպցիան և հպարտանալու արժեք է այն, երբ ինչ-որ բանի հասնում ես ինքնուրույն՝ սեփական գիտելիքներով ու հմտություններով: Աշխատաժողովի ընթացքում ելույթներ ու քննարկումներ եղան Հայաստանում ներդրված ապօրինի հարստացման քրեականացման և ազդարարման ինստիտուտների, հակակոռուպցիոն պայքարում ակտիվների վերականգման ինստիտուտ ներդնելու և դրա հնարավորությունների, հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու անհրաժեշտության, բիզնեսի և քաղաքականության տարանջատման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, մենաշնորհների դեմ պայքարի և իրական սեփականտերերի բացահայտման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին: Միջոցառման սկզբնամասում Կարեն Զադոյանը և Թևան Պողոսյանը պատասխանեցին նաև ներկա լրագրողներին հարցերին: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր