107980 դիտում
20:09 28-04-2018
Սեյրան Օհանյան. Նիկոլ Փաշինյանը իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՀԿ պատգամավորներին ուղղված նամակ է հրապարակել, որում նշել է.
«Հարգելի՛ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական ժողովրդի նույնքան զավակներն եք, որքան Հանրապետության քաղաքների հրապարակներում ծովի պես ծփացող ժողովուրդը:
Բաժանված լինելով իրարից տարբեր կուսակցական կրծքանշաններով՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ մենք կարող ենք մեր իսկ ձեռքերով մահացու թակարդ պատրաստել մեր փոքրիկ, անկախ պետության հաղթանակած ժողովրդի համար:
Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը, անկախ կուսակցական պատկանելությունից, հասկանում է ժողովրդի ըմբոստացման իրական հիմքերը և ծնող պատճառները: Եթե օբյեկտիվ իրադրության հետ հաշվի չնստենք կամ շարունակենք ընդվզող ժողովրդին դատապարտել, կեղծ տեղեկատվությամբ փորձել շեղել կամ սրել իրավիճակը՝ խառնելով աշխարհաքաղաքական կենտրոններին և ճիշտ ուղղությամբ չտանել ժողովրդի այս հսկայական ներուժը, ապա Հայաստանը կմղենք անհեռանկար արկածախնդրության և դրան հաջորդող պերմանենտ հեղափոխությունների հորձանուտ:
Ընդունե'ք սա որպես ընկերոջ՝ երկրի ռազմաքաղաքական իրավիճակին քաջ տիրապետող գործչի պատճառաբանված կոչ:
Ուզում եմ Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային տոնին ընդառաջ, փողոց դուրս գանք խաղաղ և հաղթանակած, իսկ 2018 թ.-ի մայիսի 1-ը դառնա իսկապես մեր ժողովրդի համար զարթոնքի, միասնության, գալիք հաղթանակների կերտման սկիզբ:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արագ և ճիշտ տակտիկական լուծումներ գտնել: Եթե իսկապես իշխող կուսակցությունը կրում է Նժդեհի գաղափարախոսությունը, ապա ուզում եմ մեջբերել նրա խոսքը.
«Հասկանա՛նք, վերջապես, քանի ուշ չէ, հասկանա՛նք, որ հայը պատճառ չունի՛ կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը և երեկվա մեր Եղեռնը բավ են՝ գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաև իրավո՛ւնք չունի»:
Մեր ժողովուրդը միասնական է կերտելու իր ապագան, և որևէ կուսակցական կրծքանշան չի կարող տարանջատել կամ թշնամացնել մեզ միմյանցից:
Ողջախոհությունը պիտի հաղթի: Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը:
Ինչի՞ց եք վախենում. եթե դուք, ինչպես ասում եք, ժողովրդի ընտրյալն եք և մեծամասնություն, ապա լսե'ք նրա ձայնը, կանգնե'ք նրա կողքին և ապագա նոր խորհրդարանական ընտրություններում վերահաստատեք այն:
Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները:
Հրապարակներում համախմբված ժողովուրդը խառնամբոխ չէ', այլ համակարգված մի կուռ բանա'կ, որը ինչպես այսօր, այնպես էլ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի ցանկացած պահին պատրա'ստ է կանգնելու առաջնագծում:
Երկրի համար օրհասական պահին կատարե'ք Ձեր քայլը: Իմ անունից կարող եմ ասել այսքանը:
Ես այն առաջին անգամ արել եմ 1988 թ.-ին, երբ լինելով խորհրդային բանակի սպա, վտանգի պահին կանգնեցի արցախահայության կողքին՝ հանուն մեր ազգային արժանապատվության և Արցախի պաշտպանության:
Երկրորդն արել եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ բարձրաձայնելով խնդիրները և կանխատեսելով այս օրը:
Խոսքս ուզում եմ ավարտել Մեծն Կոմիտասի խոսքերով.
«Ժողովո'ւրդն է ամենամեծ ստեղծագործողը. գնացե'ք և սովորե'ք նրանից»:
Ապավինում եմ ողջ ՀՀԿ-ի անձնակազմի ողջախոհությանը, որոնցից շատերի հետ միասին Անկախության տարիներից ի վեր երկար ճանապարհ ենք անցել:
Կանգնե'ք ժողովրդի կողքին: Մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է»:
Նմանատիպ նյութեր
794 դիտում
13:46 19-06-2014
Հստակեցվում են «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի իրականացման հետագա գործընթացները
11405 դիտում
15:16 23-10-2020
Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
1255 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4723 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած