7055 դիտում
11:52 10-04-2018
Ընթերցասերին ներկայացվեցին «Ապրելու բանաձևի» 10-րդ և 11-րդ հատորները
Ապրիլի 9-ին «Նոյյան տապան» գրախանութի նախաձեռնությամբ գրքի և գրականության այս սիրված անկյունում ընթերցասեր հանրությանը ներկայացվեցին լրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ և 11-րդ հատորները։
Տիկին Մարտիկյանի «Ապրելու բանաձև» աշխատությունը նվիրված է Արցախյան ազատամարտում և ապրիլյան պատերազմում իրենց անմահությունը կերտած հերոսների սխրանքներին, նրանց կյանքի պատմությանը։ 11 հատորներում Գոհար Մարտիկյանը ամփոփել է ավելի քան 1200 կյանքի պատմություն, հերոսական ակնարկներ, որոնք միտված են սերունդներ կրթել-դաստիարակելուն։ Այս հատորները պատմական վավերագրումներ են, որոնք հետագա սերունդներին են փոխանցում այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել մեր անկախության կերտման ճանապարհին և մեր հերոս տղաների անմնացորդ նվիրման շնորհիվ։
Գոհար Մարտիկյանը նշում է, որ «Ապրելու բանաձևի» յուրաքանչյուր հատոր, տղաների կյանքի ամեն մի պատմություն անչափ նվիրական է իր համար։
«Հասկանալով իմ արածի կարևորությունը, և այն, որ դրա հանդեպ հետաքրքրությունը մեծ է, ես սիրով եմ չարչարվում: Իսկ երբ սիրում ես աշխատանքդ, այն առաջ է գնում է: Ըստ իս՝ դա անում եմ պատմության, սերունդների համար»,- ասաց հեղինակը:
Նշենք, որ ներկայացված հատորները հրատարակվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների համակարգող Գայանե Մանուկյանը պատմական զուգահեռներ տարավ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Արցախի անկախության ձեռքբերման միջև։
«Ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնվեց, ըստ էության, ձևավորվող ազգային զորամիավորումների վարած հերոսամարտերի շնորհիվ, նույնպեսև Շուշիի ազատագրման փուլից սկսված պետական կազմավորումների ձև ստացող ազատամարտիկների զորաջոկատների հիմքի վրա ձեռք բերվեցին հետագա հաղթանակներն ու Արցախի անկախությունը: Այսօր, կարծում եմ, անտեղի չէ պատմական այս իրողություններին անդրադառնալը, որովհետև պատրաստվում ենք տոնել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա և Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորման 30-ամյա տարեդարձները:
Ինչպես հարյուր տարի առաջ, նույնպեսև Արցախյան պայքարի տարիներին՝ հայ ժողովուրդը վճարեց իր զավակների կյանքի անչափելի գինը: Բայց այդ ծանր գինը զուր չէ, որովհետև հայորդիների կյանքի գնով ձեռք բերվեցին մեր Հայաստան և Արցախ հայրենիքի ու հայ ժողովրդի պետականությունն ու այսօրվա խաղաղ կյանքը»,- ասաց Գայանե Մանուկյանը՝ ավելացնելով, որ տիկին Մարտիկյանի հատորները յուրատեսակ հուշարձան են, որ հավերժացնում են մեր անկախությունը կերտած տղաների հիշատակը:
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
15:03 10-11-2015
Հրատարակվել է «Ապրելու բանաձևի» 9-րդ հատորը. այն ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիներին
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան