Գեղարքունիքի մարզպետը Գավառում այցելել է երիտասարդական նորաբաց կենտրոն և հանդիպում ունեցել Գավառի տարածքի երիտասարդ ձեռներեցների հետ
Այսօր` ապրիլի 6-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառում այցելել է երիտասարդական բազմաֆունկցիոնալ նորաբաց կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել Գավառի տարածքի երիտասարդ ձեռներեցների հետ: Հանդիպման մեկնարկում Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել «Գեղարեգ» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչներին` նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար, ապա նախապես որոշված ընթացակարգով երիտասարդները սկսել են ներկայացնել տարածաշրջանում բիզնես սկսելու իրենց գաղափարներն ու արդեն իսկ կազմված բիզնես նախագծերը:
Ներկայացված ծրագրերի մի մասն արդեն մասնակցում են դրամաշնորհային տարբեր մրցույթների, իսկ մյուս մասը դեռևս գտնվում են ամբողջականացման փուլում: Ծրագրերն ու գաղափարները հիմնականում վերաբերել են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոքր արտադրամասերի ստեղծմանն ու զարգացմանը:
Ծանոթանալով երիտասարդների կողմից ներկայացված տեղեկատվությանը՝ մարզպետը նշել է, որ պետությունը խրախուսում և պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել բիզնես գաղափարների և ծրագրերի կյանքի կոչմանը, միաժամանակ հույս հայտնելով, որ երիտասարդների բիզնես ակտիվությունը մարզում ավելի մեծ տարածում կստանա:
Կարեն Բոթոյանը հավելել է նաև, որ պատրաստ է նման ձևաչափով հանդիպումներ ունենալ մարզի մյուս տարածաշրջաններում: Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ երիտասարդների հետ աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և ներկայացրել են այն խնդիրներն ու հարցերը, որոնց լուծման հարցում անհրաժեշտ են համարում մարզային իշխանությունների միջամտությունը:
Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանն ու Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շրջել են նորաբաց կենտրոնով, ծանոթացել ստեղծված պայմաններին:
[b]Գեղարքունիքի մարզպետարան [/b]