211652_close_icon
views-count2239 դիտում article-date 12:47 26-11-2026

Կներեք, ճամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողից սկսած ցանկացած առևտուր պիտի հարկ գեներացնի. Նիկոլ Փաշինյան

Կներեք, ճամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողից սկսած ցանկացած առևտուր պիտի հարկ գեներացնի: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում պետք է բացառվի այնպիսի առևտրային գործարքների իրականացումը, որոնք ՀԴՄ կտրոն չեն գեներացնում։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, և մշակվում է համապատասխան նախագիծ։

«Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ Հայաստանում այդպիսի առևտրային գործարք չլինի, որը ՀԴՄ չի գեներացնում։ Ընդհուպ մինչև ճամփեզրերին տարբեր տեսակի առևտրային գործունեությունը՝ սկսած եգիպտացորեն, չիչխան, սունկ վաճառողներից։ Առևտրային գործարքը պետք է որոշակի հարկ գեներացնի»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս գործընթացի նպատակն այն է, որ քաղաքացիները տեսնեն իրենց վճարած հարկերի ազդեցությունն իրենց կյանքի որակի վրա՝ առողջապահության, ճանապարհների, դպրոցների, անվտանգության և այլ ոլորտներում։

«Մարդիկ պետք է զգան, որ իրենցից գումար չեն վերցնում և տալիս ուրիշին, այլ իրենք են գեներացնում այդ միջոցները՝ իրենց կյանքի կազմակերպման և որակի բարձրացման համար»,- ասել է նա։

Փաշինյանը նաև անդրադարձել է անկանխիկ վճարումների խրախուսման մեխանիզմներին՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է ներդնել քեշբեքի համակարգ, որը կխրախուսի անկանխիկ գործարքները և կզսպի կանխիկի օգտագործումը։ Նախատեսվում է, որ այդ մեխանիզմը նույնպես հասանելի կլինի հավելվածի միջոցով։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների պարտադիր տրամադրման պահանջին՝ վարչապետը նշել է, որ արդեն մշակվում է օրենքով սահմանված բացառությունների ցանկի վերանայման նախագիծ։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ որոշ ոլորտներում ՀԴՄ կտրոն տրամադրելու պահանջ չկա, սակայն նախատեսվում է կրճատել այդ բացառությունների շրջանակը։ Փաշինյանը հավելել է, որ տեխնիկական հնարավորություններն արդեն թույլ են տալիս այդ ոլորտները ևս ներառել ՀԴՄ կիրառման համակարգում։

Որպես օրինակ՝ վարչապետը նշել է ճանապարհամերձ առևտրի կետերը, այդ թվում՝ Դիլիջանի ոլորաններում եգիպտացորեն վաճառողներին։ Նրա խոսքով՝ այդ կետերից մի քանիսում արդեն տեղադրված են ՀԴՄ սարքեր, և գործընթացն աստիճանաբար առաջ է գնում։

Նմանատիպ նյութեր